Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 28-ին շորթման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Ա․-ն և հայտնել, որ 2021 թվականին «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է 51-ամյա Քրիստինե Մ․-ի հետ, ով 2021-2022 թվականների ընթացքում տարբեր պատրվակներով խաբեությամբ իրենից վերցրել է 2-3 մլն դրամ գումար։ Այնուհետև վերջինիս դուստրը՝ Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սոնա Մ․-ն, ծանոթացրել է ոմն Անիի հետ, ով ներկայացել է որպես Քրիստինե Մ․-ի փաստաբան։ Վերջինս 2023-2026 թվականների ընթացքում Դավիթ Ա․-ից շորթել է գումար՝ հայտնելով, թե տեղյակ է, որ Դավիթը սեռական կապի մեջ է Քրիստինե Մ․-ի դստեր՝ Սոնա Մ․-ի հետ, և եթե գումար չտա, այդ մասին կհայտնի Քրիստինե Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ մեկ այլ դրվագով Անին իրենից գումար է շորթել՝ հայտնելով, թե Քրիստինե Մ․-ն սպանել է իր հորաքրոջը, իսկ Դավիթը հանդիսանում է նրա հանցակիցը։ Այդ հարցին «լուծում տալու» համար Դավիթ Ա․-ից և նրա մորից՝ Մարիետտա Յ․-ից, տունը գրավադրելու միջոցով, Դավթաշենի «Ամիօ» բանկում առձեռն ստացել է շուրջ 5 մլն 500 հազար դրամ գումար։
Ըստ Դավիթ Ա․-ի հաղորդման՝ ընդհանուր 2023-2026 թվականների ընթացքում ոմն Անին իրենից շորթել է շուրջ 25-30 մլն դրամ գումար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Անին հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Անի Հ․-ն։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



