Բացահայտվել է հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում ռուս տղայի մահը կարող էր պայմանավորված լինել էլեկտրական հոսանքի երկարատև ազդեցությամբ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, հայտնել է մահացած երեխայի հայրը։
Հոր համոզմամբ՝ ողբերգությունը հնարավոր էր կանխել, եթե հյուրանոցի լուսավորության էլեկտրագծի վրա տեղադրված լիներ մնացորդային հոսանքի պաշտպանիչ սարք, որը վտանգավոր արտահոսքի դեպքում անջատում է էլեկտրամատակարարումը։
«Նա մահացավ հենց այն պատճառով, որ էլեկտրաէներգիան այդքան երկար մնաց միացված, և գիծը չանջատվեց»,- ասել է երեխայի հայրը։
Past.am-ի փոխանցմամբ՝ տղամարդը նաև հայտնել է, որ միջադեպից անմիջապես հետո՝ նույն երեկոյան, հյուրանոցի աշխատակիցները սկսել են վերականգնել վնասված էլեկտրական համակարգը։
Դեպքի բոլոր հանգամանքները և երեխայի մահվան ստույգ պատճառը պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան քննության արդյունքները։
Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։



