Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳլխաշորի արգելքի շուրջ քննարկումներից առաջացած թուրք-ադրբեջանական լարվածության հետևանքով ադրբեջանական մամուլում թիրախավորվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը:
Մերձիշխանական «Qafqazinfo» կայքը հոկտեմբերի 17-ին հրապարակում էր արել՝ պնդելով, թե Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում գաղտնի հանդիպում է ունեցել «Երիտասարդների աջակցության հիմնադրամի» (GYF) անդամների հետ և տարբեր հանձնարարականներ տվել։ Ըստ հրապարակման՝ հիմնադրամը կապված է թուրքական հետախուզության հետ։
Նշվում էր նաև, թե Թուրքիան փորձում է Ադրբեջանում պատրաստել ազդեցության գործակալներ։ Թիրախավորվել էին նաև «Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը» (TİKA), «İHH» հումանիտար օգնության հիմնադրամը և Ազիզ Մահմուդ Հուդայի հիմնադրամը, որոնք կապվել էին Ադրբեջանում հետախուզական և ազդեցության գործունեություն ծավալելու մեղադրանքների հետ։ Հետագայում հրապարակումը հեռացվել է կայքից։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ և հերքել մեղադրանքները։ Դեսպանատունը նշել է, որ «Qafqazinfo»-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հրապարակումները զրպարտություն են և թուրք-ադրբեջանական հարաբերությունները վնասելու փորձ։
Դեսպանատան տեղեկացմամբ՝ Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում քաղաքավարության շրջանակում լուսանկարվել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական կարգավիճակ ունեցող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հերքվել են նաև գաղտնի հանդիպման և հանձնարարականներ տալու մասին պնդումները։
«Հոդվածում տեղ գտած «ներքին գործերին միջամտելու ծրագրեր», «հետախուզական գործողություններ», «հեղաշրջման և քաոսի ծրագրեր» և «ազդեցության գործակալներ պատրաստելու» մասին արտահայտությունները միտումնավոր կեղծիքներ են, որոնց նպատակն է եղբայրական ադրբեջանցի ժողովրդին տրամադրել Թուրքիայի դեմ»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։



