Ողբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 ամսական աղջնակ, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ժամը 09։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացած երեխան Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ է։ Աղջկա հայրը հայտնել է, որ առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում, մոտեցել է երեխայի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում։ Դրանից հետո նա զանգահարել է Գորիսի բժշկական կենտրոն։ Ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ Դեպքի վայր և հիվանդանոց է մեկնել քննչական խումբը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Past.am-ը կհետևի քննության ընթացքին և դեպքի վերաբերյալ պաշտոնական նոր տեղեկություններին։



