4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշման նախագծով նախատեսվում է Տավուշի մարզի Կիրանց, Աճարկուտ, Լուսաձոր և Ակնաղբյուր գյուղերի չորս հիմնական դպրոցները միավորել և ստեղծել երկու նոր կրթական հաստատություն։
Iravaban.net-ն ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է մի շարք ուսումնական հաստատություններ վերակազմակերպել միջնակարգ դպրոցների: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած նախագծով Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան և Աճարկուտի հիմնական դպրոցների միավորումով կստեղծվի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը: Այստեղ համատեղվելու են Կիրանցի 40 և Աճարկուտի 10 աշակերտների ուսուցումը (հաստատությունների հեռավորությունը 2.7 կմ է, երթևեկությունը՝ շուրջ 5 րոպե): Մյուս միավորմամբ Լուսաձորի (63 աշակերտ) և Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի (35 աշակերտ) հիմնական դպրոցների հիմքով կձևավորվի Լուսաձորի կրթահամալիրը (հեռավորությունը 5 կմ է, երթևեկությունը՝ շուրջ 9 րոպե): Արդյունքում չորս դպրոցների 148 աշակերտների կրթությունը կկազմակերպվի երկու նորաստեղծ կառույցներում
Ըստ նախարարության հիմնավորման՝ փոքրաթիվ աշակերտներ ունեցող հաստատություններում առկա են դժվարություններ լիարժեք դասարաններ կազմավորելու, մանկավարժական կայուն թիմեր ապահովելու և երեխաների սոցիալականացումն ու առողջ մրցակցությունը խթանելու հարցերում, քանի որ որոշ տեղերում աշակերտների թիվը չի գերազանցում 15-ը: Բացի այդ, մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը գերազանցում են միջին ցուցանիշը, ինչը չի երաշխավորում կրթության բարձր որակ: Միավորումը հնարավորություն կտա կենտրոնացնել մանկավարժական ներուժն ու արդյունավետ օգտագործել ենթակառուցվածքները, լաբորատորիաները, ՏՏ միջոցները, գրադարաններն ու մարզական ռեսուրսները: Հիմնավորման մեջ հիշատակված PISA 2025-ի տվյալներով՝ Հայաստանում սովորողների 39%-ի ուսումնառությունը խոչընդոտվում է շենքային, իսկ 56%-ինը՝ թվային ռեսուրսների անբավարարությամբ, ինչն առավել սուր է արտահայտված փոքրաթիվ աշակերտներով դպրոցներում:
Երեխաների տեղափոխումը նորաստեղծ հաստատություններ կազմակերպվելու է կանոնավոր, անվճար և անվտանգ՝ չվացուցակով ու ուղեկցողի ներկայությամբ: Կիրանցի միջնակարգ դպրոցը գործելու է Կիրանց գյուղի 1-ին փողոցի 22-րդ շենքում, իսկ Լուսաձորի կրթահամալիրը՝ Ակնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 7-րդ շենքում:
Միավորված դպրոցների իրավունքներն ու պարտականությունները կփոխանցվեն նոր կազմակերպություններին: Գույքագրումից, փոխանցման ակտերի ու պայմանագրի հաստատումից հետո Աճարկուտի հիմնական դպրոցից վերցվելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվելու Ակնաղբյուրում գտնվող դպրոցի շենքը (618.1 քմ), կից 5.85 քմ զուգարանն ու 0.64892 հա հողատարածքը:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տավուշի մարզպետին և ԿԳՄՍ նախարարին տրվում է հինգ ամիս՝ վերակազմակերպման աշխատանքներն ապահովելու և կանոնադրությունները հաստատելու համար, որից հետո եռամսյա ժամկետում կիրականացվի նախկին դպրոցների գործունեության դադարեցումն ու նորաստեղծ կազմակերպությունների պետական գրանցումը:



