Մարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարտունի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող Մեր համայնքը դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀԿ Մարտունու շրջանային խորհրդի նախագահ Արամ Կարապետյանը որպես վկա դատավարական կարգավիճակով հարցաքննվելուց հետո դուրս եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Այս մասին հայտնում է փաստաբան Սլավիկ Պողոսյանը։
Ավելի վաղ ՀՀԿ-ական գործիչ Հենրիխ Դանիելյանը տեղեկացրել էր.
«Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ խորհրդի ամդամ Արամ Կարապետյանին։
Սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։ Ընդդիմադիր լինելը հանցագործություն չէ, իսկ արդար ընտրությունները չեն կարող անցկացվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտում։ Սա է այն «ազատ, արդար և հավասար» ընտրությունների իրական պատկերը, որի վտանգների մասին բազմիցս բարձրաձայնել ենք։
Ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են այս իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։
Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։
Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ»։
Նշենք, որ վաղը մոտ երկու տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մի քանի համայնքներում ընդդիմադիր գործիչների, թեկնածուների, նրանց աջակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել, կան նաև ձերբակալվածներ։
Ավելի վաղ իրավապահները գործի էին անցել Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ կալանավորելով «Ուժեղ Հայաստան»-ի կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանին։



