«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի գիտության և կրթության նախարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է անվանել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը՝ կապված հանրապետությունում կրթության հարցերի և ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստ ներդնելու հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը Ադրբեջանում կրթության հարցերի վերաբերյալ զարմանք ու ափսոսանք է առաջացնում։ Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։ Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ նրա կրթական քաղաքականությանը, և նման փորձերը վճռականորեն կանխվում են», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի պաշտոնատար անձանց զբաղվել սեփական երկրի խնդիրներով։ Մասնավորապես, գերատեսչությունում նշել են, որ Իրանի կողմից վարվող քաղաքականության հետևանքով երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ դասավանդումն իրականացվի ադրբեջաներենով։ Այդ լեզվով ուսուցում չի իրականացվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում։ «Մինչդեռ Իրանի շուրջ քառասուն միլիոն բնակիչները բնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, ովքեր տասնամյակներ շարունակ զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», - նշվում է հայտարարության մեջ։
Նախարարությունում ընդգծել են, որ իրանական գերատեսչության ղեկավարին, ինչպես նաև Իրանում այս թեմայով հանդես եկող այլ անձանց «հարկ է զբաղվել նշված խնդիրների լուծմամբ և միջոցներ ձեռնարկել տասնամյակներ շարունակ պահպանվող անարդարությունը վերացնելու ուղղությամբ»։



