Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի կրթական հաստատություններում հիջաբի շուրջ ստեղծված իրավիճակը վերածվում է ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական վեճի։
Թեհրանը պատրաստակամություն է հայտնում ընդունելու հիջաբ չկրող ադրբեջանցի ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումը իրանական բուհերում։ Սակայն հարց է առաջանում՝ այս նախաձեռնության հետևում միայն կրոնական համերաշխությո՞ւնն է, թե՞ Իրանը փորձում է նաև ընդլայնել իր ազդեցությունն ադրբեջանական հասարակության վրա։
Թեհրանի այս նախաձեռնությունը դժվար է դիտարկել բացառապես մարդասիրական կամ կրոնական համերաշխության շրջանակում։ Այն միաժամանակ հնարավորություն է տալիս Իրանին ներկայանալու որպես կրոնական ինքնության և այդ ինքնության դրսևորման իրավունքի պաշտպան՝ ի հակադրություն Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբի շուրջ առաջացած սահմանափակումների։
Չնայած երկու երկրների միջև դիվանագիտական շփումներին և փոխադարձ հայտարարություններին՝ Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները շարունակում են ուղեկցվել փոխադարձ անվստահությամբ։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանի գնահատմամբ՝ այդ անվստահության հիմքում նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշումն ու Իսրայելի հետ սերտ հարաբերություններն են։
«Իրանը և Ադրբեջանը, որքան էլ դիվանագիտական առումով միմյանց հաճոյախոսություններ անեն, միևնույն է՝ Ադրբեջանը ստեղծվել է ընդդեմ Իրանի։ Անկախությունից հետո Իսրայելը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական և անվտանգային»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց իրանագետը։
Բեգիջանյանի դիտարկմամբ՝ հիջաբի շուրջ իրավիճակը ևս պետք է դիտարկել ավելի լայն հակասությունների համատեքստում։ «Եթե հիջաբ են ուզում կրել, ուրեմն դրանք շիաներ են։ Ադրբեջանը հիմա հիջաբի տակ էլ է վտանգ տեսնում, դրա համար էլ արգելել է»,- ասաց Էմմա Բեգիջանյանը։
Ադրբեջանական իշխանությունների համար կրոնական ինքնության դրսևորումները կարող են դիտարկվել նաև հասարակական վերահսկողության և անվտանգության տեսանկյունից, մինչդեռ Թեհրանը հնարավորություն է ստանում այդ իրավիճակը ներկայացնելու որպես կրոնական իրավունքների պաշտպանության հարց։
Բաքվի հնարավոր արձագանքի վերաբերյալ իրանագետը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունները, ամենայն հավանականությամբ, հարցը կներկայացնեն որպես ներքին գործերին միջամտելու փորձ։ «Ամենամեծ հավանական արձագանքը կլինի այն, որ կհայտարարի, թե դա իրենց ներքին գործն է, և ոչ մեկը չպետք է խառնվի»,- նշեց Բեգիջանյանը։
Սա ցույց է տալիս, որ հիջաբի հարցը դուրս է եկել միայն իրանա-ադրբեջանական հարաբերությունների շրջանակից և դարձել ավելի լայն տարածաշրջանային քննարկման առարկա։ Երբ կրոնական հագուստի շուրջ վեճն արձագանք է գտնում նաև Թուրքիայում, այն կարող է վերածվել ինքնության, հասարակական արժեքների և իշխանության քաղաքականության վերաբերյալ բանավեճի։
Ալիտա Եղիազարյան



