16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում հոկտեմբերի 27-ին հայտնաբերվել է 16-ամյա աղջկա դին, որի որոնումները շարունակվում էին հոկտեմբերի 25-ից։ Նախնական տվյալներով՝ դեռահասի մահվան պատճառը կարող էր լինել մարմնի գերսառեցումը։
Մահացած աղջկա հարևանները նրան բնութագրել են որպես հանգիստ և համեստ անձնավորություն։
Հարևաններից մեկի խոսքով՝ աղջկա մայրը բնակվել է մեկ այլ քաղաքում, իսկ դստեր համար հանրակացարանում սենյակ է վարձակալել, որպեսզի վերջինս կարողանա շարունակել ուսումը։ Մայրը հնարավորության դեպքում այցելել է նրան։
«Նա լուռ ու հանգիստ աղջիկ էր։ Երբեք աչքի չի ընկել խմիչքի օգտագործմամբ կամ խնջույքներով։ Նրա մայրը նույնպես լավ մարդ է։ Մենք բոլորս ցնցված ենք կատարվածից»,- պատմել է հարևանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարազատներն ու ընկերները սկսել են անհանգստանալ անմիջապես այն բանից հետո, երբ աղջիկը դադարել է պատասխանել զանգերին և հաղորդագրություններին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անհետացման օրը դեռահասը գտնվել է Աչինսկի բնակարաններից մեկում, որտեղ նշվել է նրա ընկերոջ զորացրումը բանակից։ Ավելի ուշ նա որոշել է ոտքով վերադառնալ հանրակացարան։
Ընկերների խոսքով՝ ճանապարհը պետք է տևեր ընդամենը 20 րոպե, սակայն աղջիկն այդպես էլ տեղ չի հասել։
Երկու օր անց նրա մարմինը հայտնաբերվել է հարևան թաղամասի ամայի տարածքում։
Մահվան հանգամանքները պարզվում են։ Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։
Աղջկա անունը չի հրապարակվում՝ անչափահասի անձնական տվյալները պաշտպանելու նպատակով։



