Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ չարտոնված բանակցությունների գործով սահմանված տուգանքը։
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, «կապտանռնագույնները» հրաժարվում են վճարել 602 եվրո տուգանքը ոչ թե գումարի չափի, այլ սկզբունքային նկատառումներով. ակումբում վստահեցնում են, որ որևէ խախտում թույլ չեն տվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայում» այս տուգանքը որակում են որպես «ծիծաղելի», սակայն բարոյական և գաղափարական դրդապատճառներից ելնելով՝ հրաժարվում են վճարել այն։ Կատալոնական ակումբը պնդում է, որ իր գործողություններն ամբողջովին կոռեկտ են եղել, և մտադիր է պաշտոնական բողոքարկում ներկայացնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) «Ատլետիկոյի» բողոքի հիման վրա պարտավորեցրել էր կատալոնացիներին տուգանք վճարել։ «Բարսելոնան» մեղադրվում է այն բանում, որ արգենտինացի ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարել՝ առանց մադրիդյան ակումբին նախապես տեղեկացնելու, ինչպես պահանջում է կանոնակարգը։



