«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգիայում վաճառքից հետ են կանչվում երեխաների շրջանում մեծ տարածում ունեցող «Kinder Surprise» շոկոլադե ձվիկների որոշ խմբաքանակներ։ Պատճառը արտադրանքի մեջ օճառի հնարավոր հոտի կամ համի առկայությունն է։
Ինչպես հայտնում են բելգիական լրատվամիջոցները, հոկտեմբերի 26-ին «Intermarché» սուպերմարկետների ցանցը հայտարարել է «Kinder Surprise Playmobil» տեսակի՝ երեք ձվիկից բաղկացած փաթեթների հետկանչի մասին։
Ընկերության պարզաբանմամբ՝ խնդիրը, հավանաբար, առաջացել է ապրանքների տեղափոխման կամ պահեստավորման ընթացքում։ Այն կարող էր ազդել սահմանափակ քանակությամբ արտադրանքի վրա։
Past.am-ը տեղեկացնում է, որ հետկանչը վերաբերում է հոկտեմբերի 2-16-ը Բելգիայի որոշ խանութներում վաճառված արտադրանքին։ Նշված ապրանքների շտրիխ կոդն է՝ 8000500026731, պիտանելիության ժամկետը՝ 2027 թվականի հունիսի 13, իսկ խմբաքանակի համարը սկսվում է L260 նիշերով։
Կարևոր է ընդգծել, որ առայժմ հրապարակված տեղեկություններով՝ շոկոլադե ձվիկներում կոնկրետ թունավոր նյութերի առկայությունը լաբորատոր հետազոտությամբ հաստատված չէ։ Խոսքը հնարավոր օտար հոտի և համի պատճառով իրականացվող կանխարգելիչ հետկանչի մասին է։
Past.am-ը հիշեցնում է՝ ծնողներին խորհուրդ է տրվում ստուգել գնված արտադրանքի փաթեթավորման տվյալները։ Եթե դրանք համապատասխանում են հետկանչված խմբաքանակին, արտադրանքը չպետք է օգտագործել։
Այս պահին տեղեկություններ չկան, որ նույն խմբաքանակը հետ է կանչվել նաև Հայաստանում։



