ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ոստիկանությունում և փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձինք կարող են ազատվել զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու պարտավորությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում և ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը։
Նշենք, որ նման կարգավորում Հայաստանում գործել է նաև տարիներ առաջ, սակայն հետագայում վերացվել է։ Ներկայում ոստիկանությունում և ՆԳՆ փրկարարական ծառայությունում ծառայության կարող են անցնել միայն պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած անձինք։
Ներքին գործերի նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ գործող սահմանափակումը նվազեցնում է այս ոլորտներում ծառայության անցնելու և մասնագիտական գործունեություն սկսելու ցանկություն ունեցողների թիվը։



