Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը 2027 թվականին կարող է աստիճանաբար վերականգնվել՝ չնայած 2026 թվականի ընթացքում գրանցված կտրուկ տատանումներին։ Միջազգային վերլուծաբանների կանխատեսումները տարբեր են, սակայն դրանց մեծ մասը հաջորդ տարի թանկարժեք մետաղի գնի աճ է ենթադրում։
Reuters-ի՝ հոկտեմբերի 27-ին հրապարակած հարցման համաձայն՝ 30 վերլուծաբանների և շուկայի մասնակիցների գնահատականներով՝ 2027 թվականին ոսկու մեկ տրոյական ունցիայի միջին գինը կարող է կազմել 4650 դոլար։ Սա նախորդ հարցման կանխատեսումից բարձր է, երբ ակնկալվում էր 4610 դոլար։
Հոկտեմբերի 29-ի՝ 1 դոլարի դիմաց 360.30 դրամ փոխարժեքով հաշվարկելու դեպքում՝ 4650 դոլարը մեկ գրամ մաքուր ոսկու համար համարժեք է մոտ 53 900 դրամի։ Այսինքն՝ եթե կանխատեսումն իրականանա, միջազգային շուկայում մեկ գրամ 24 կարատանոց ոսկու արժեքը կարող է մոտենալ այդ մակարդակին։
Ավելի բարձր գին է կանխատեսում Goldman Sachs-ը։ Բանկի գնահատմամբ՝ 2027 թվականի վերջին ոսկու մեկ ունցիայի արժեքը կարող է հասնել 5400 դոլարի, ինչը նույն փոխարժեքով մեկ գրամի համար կազմում է շուրջ 62 600 դրամ։
Իսկ J.P. Morgan-ի կանխատեսմամբ՝ 2027 թվականի ընթացքում ոսկու միջին գինը կարող է կազմել 6263 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ տարեվերջին հասնել 6300 դոլարի։ Վերջին ցուցանիշը մեկ գրամի հաշվով համարժեք է մոտ 73 հազար դրամի։
Ոսկու գնի վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը, տոկոսադրույքների փոփոխությունները, աշխարհաքաղաքական լարվածությունը և կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների ծավալները։ Reuters-ի հարցման մասնակիցները ևս առանձնացրել են կենտրոնական բանկերի պահանջարկն ու ֆիզիկական ոսկու նկատմամբ հետաքրքրությունը՝ որպես գնի պահպանմանն ու աճին նպաստող գործոններ։
Այսպիսով, տարբեր կանխատեսումների համաձայն՝ 2027 թվականին մեկ գրամ մաքուր ոսկու միջազգային գինը կարող է կազմել մոտ 53 900-73 000 դրամ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքը բորսայական գնի մասին է․ ոսկերչական խանութներում զարդերի արժեքը կարող է էապես տարբերվել՝ կախված հարգից, պատրաստման աշխատանքից և վաճառողի հավելավճարից։
Past.am-ը հետևում է ոսկու միջազգային շուկայի փոփոխություններին, քանի որ դրանց ազդեցությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստանում ոսկու գների վրա։ Միևնույն ժամանակ, ներկայացված թվերը կանխատեսումներ են, ոչ թե գնի երաշխավորված մակարդակ․ շուկայական իրավիճակի փոփոխության դեպքում դրանք կարող են վերանայվել։



