Մերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ 2019 թվականին պաշտոնական միջոցառումների ժամանակ իր ուժեղ դողի նոպաները կարող էին պայմանավորված լինել ուժեղ սթրեսով՝ կապված, մասնավորապես, հարազատ մարդու կորստի հետ։
2019 թվականի ամռանը Բեռլինում պաշտոնական միջոցառումների ժամանակ Մերկելը հանրության առջև երեք անգամ ուժեղ դողի նոպա է ունեցել։ Այն ժամանակ նրա մամուլի ծառայությունը դա բացատրել էր բացառապես շոգ եղանակին օրգանիզմի ջրազրկմամբ, ինքը՝ Մերկելը, խուսափում էր առողջական վիճակի վերաբերյալ հարցերին ուղիղ պատասխանելուց։
«Երբ այն ժամանակ՝ 2019 թվականին, զինվորական պատիվներով արարողության ընթացքում ուժեղ դողի նոպա ունեցա՝ այն պահին, երբ այդ ամբողջ (ներքին- խմբ.) լարվածությունը դուրս ժայթքեց, հավանաբար մորս մահվան պատճառով կամ այն բանի, որ գիտեի՝ հեռանալու եմ (քաղաքականությունից), նման պահերին մարմինը պարզապես ազդանշաններ է տալիս, և մարդկային տեսանկյունից դա շատ, շատ լավ է», – ասել է Մերկելը Magenta TV-ի հարցազրույցում։
Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, չափազանց քիչ ժամանակ է հատկացրել կորուստը վերապրելուն, սակայն պաշտոնեական պարտականությունների պատճառով չէր կարող իրեն թույլ տալ դադար վերցնել աշխատանքից։
Նախկին կանցլերի խոսքով՝ այդ պահին խնդրի լուծումը զինվորական ստուգատեսներին նստած դիրքով մասնակցելուն անցնելն էր։
«Սկզբում դա մի փոքր տարօրինակ էր թվում, բայց հետո բոլորը վարժվեցին դրան», – ամփոփել է Մերկելը։



