Բաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը։ Այս մասին գրել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեթ Զահիդովը։
Նրա տեղեկություններով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը։ Ավելին՝ խորհրդարանում «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորներին արգելվել է ներկա գտնվել ընդունելությանը։
Ադրբեջանական կողմից միջոցառմանը մասնակցել է միայն կապի նախարարը, որը ելույթից անմիջապես հետո հեռացել է։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի նման վերաբերմունքի պատճառը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մերժումն է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը խնդրել էր Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ Թուրքիայի խորհրդանշական վայրերը լուսավորել ադրբեջանական դրոշի գույներով, սակայն թուրքական կողմը մերժել էր այդ առաջարկը։



