Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ritmeurasia.ru–ն «Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և միջազգային հանրային ֆինանսների խորհրդատու Վարդան Արամյանը ներկայացրել է մի հաշվարկ, որի համաձայն, եթե հանրապետություն մատակարարվող գազի գինը բարձրանա 69 %-ով, վերջնական սպառողների համար ծախսերը կաճեն մոտավորապես 29 %-ով՝ 143-ից մինչև 185 դրամ մեկ խորանարդ մետրի համար։
Արամյանի խոսքով, սակագնի բարձրացումը տնտեսության վրա կազդի մի քանի ձևով։ «Առաջին ասպեկտը սոցիալական հետևանքներն են. նույնիսկ եթե կառավարությունը սուբսիդավորի խոցելի խմբերի կոմունալ ծախսերը, գների բարձրացման ազդեցությունը միջին խավի վրա բավականին ծանր կլինի։ Տնային տնտեսությունների ծախսերի աճը կհանգեցնի ծախսերի կրճատման, և, հետևաբար, պահանջարկի անկման, ինչը հիմնականում կազդի առևտրի և ծառայությունների ոլորտների վրա», - նշել է նա։ Նրա խոսքով, ամենամեծ հարվածը կստանա արտադրական ոլորտը՝ գյուղատնտեսական արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։ Ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է որևէ խնդրի չհանդիպել, սակայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ծանր արդյունաբերությունը, որտեղ գազը կազմում է ծախսերի կառուցվածքի զգալի մասը, անխուսափելիորեն կբախվեն դժվարությունների։
«Սա ուղղակի հարված կհասցնի երկրի տնտեսական ներուժին։ Ահա թե ինչու էր Մարտին Գալստյանը նշել այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես համաձայն եմ նրա հետ», նշել է Արամյանը։
Նա նաև նշել է, որ սուբսիդիաները տրամադրվում են պետական բյուջեից, հետևաբար՝ քաղաքացիներից, և այդ ծախսերը չեն կարող անվերջ բեռ դառնալ բյուջեի համար: Եթե սուբսիդիաները տրամադրվեն բոլորին՝ առանց բացառության, ապա դա կհանգեցնի զգալի ծախսերի, իսկ եթե խոսքը թիրախային խմբերի մասին է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ովքեր կներառվեն, արդյոք սուբսիդիաները կլինեն մասնակի, թե լրիվ, և որքան ժամանակով դրանք կտրամադրվեն։ Այս չափի լրացուցիչ ծախսային բեռի սահմանումը, հատկապես ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում, չափազանց դժվար խնդիր է գործադիր իշխանության համար, և նման ծախսերը սովորաբար ծածկվում են կապիտալ ներդրումների կրճատմամբ, օրինակ՝ դպրոցաշինության և ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցների կրճատմամբ։
Մեկնաբանելով գազի գնի 69 % աճի կանխատեսումը՝ Արամյանը նշել է, որ զեկույցի հեղինակները հաշվի են առել միայն գները շուկայական մակարդակին համապատասխանեցնելու հետ կապված հնարավոր ծախսերի աճը։ Սակայն, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ներմուծվող գազի և նավթամթերքի վրա կկիրառվեն մաքսային տուրքեր, ինչը կհանգեցնի գնի մոտ 30 % լրացուցիչ աճի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



