Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի տարածքում: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա օգնել կազմակերպել այդ բարձր մակարդակի հանդիպումը, որը կարող է շրջադարձային դառնալ հակամարտության կարգավորման ճանապարհին:
Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ միջազգային հանրությունը շարունակում է որոնել դիվանագիտական ուղիներ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Անկարան բազմիցս առաջարկել է իր միջնորդական հարթակը Կիևի և Մոսկվայի միջև երկխոսություն վերսկսելու համար, քանի որ Թուրքիան պահպանում է գործընկերային հարաբերություններ և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ:
Թուրքիան հակամարտության հենց սկզբից դիրքավորվել է որպես չեզոք միջնորդ։ Անկարան արդեն հաջողությամբ կազմակերպել էր ուկրաինա-ռուսական բանակցությունների մի քանի փուլ 2022 թվականին, ինչպես նաև մեծ դերակատարում ուներ «հացահատիկային գործարքի» կնքման գործում։
Զելենսկին ավելի վաղ օրենսդրական մակարդակով բացառել էր Պուտինի հետ բանակցությունները, սակայն վերջին շրջանում դիվանագիտական ճնշման և իրավիճակի փոփոխության ֆոնին Կիևից հաճախ են հնչում շփումների մասին ազդանշաններ՝ պայմանով, որ խոսքը գնալու է տարածքային ամբողջականության և արդար խաղաղության մասին:
Ռուսական կողմն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ բաց է բանակցությունների համար, սակայն առանց նախապայմանների և հաշվի առնելով «տեղում ստեղծված իրողությունները»: Առայժմ Կրեմլից պաշտոնական հստակ արձագանք չի եղել Զելենսկու՝ Թուրքիայում հանդիպելու վերջին առաջարկին։



