Ֆիջիում «Ուինսթոն» արեւադարձային ցիկլոնի զոհ է դարձել 42 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիջում մոլեգնած «Ուինսթոն» արեւադարձային ցիկլոնի զոհ է դարձել 42 մարդ: Այդ մասին, հայտնել է երկրի կառավարության մամուլ իքարտուղար Դեն Գավիդին: «Ներկայում հաստատված է Ֆիջիի 42 բնակիչների մահը»,- գրել է Գավիդին Twitter-ի իր էջում:
Ցիկլոնին տրվել էր ուժգնության հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիան. քամու արագությունը դրա էպիկենտրոնի մոտ հասնում էր ժամում 230 կիլոմետրի, իսկ պոռթկումներինը՝ 325 կիլոմետրի, իսկ կղզիների ափերի մոտ օվկիանոսային ալիքների բարձրությունը՝ 12 մետրի: Մասնագետները հայտնել են, որ «Ուինսթոնը» ամենաավերիչ ցիկլոնն է դարձել Ֆիջիում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Կառավարությունը երկրում տարերային աղետի ռեժիմ է սահմանել, որը կշարունակվի մեկ ամիս:
Վերջին տվյալների համաձայն՝ օթեւանից զրկված ավելի քան 13 հազար ֆիջիցիներ շարունակում են մնալ ապաստարաններում եւ տարահանման կենտրոններում: Վիտի-Լեւու խոշորագույն կղզում, որտեղ ապրում է երկրի բնակչության մոտավորապես 70 տոկոսը, ցիկլոնն ավերել է հազարից ավելի տներ, ոչնչացրել կամ խիստ վնասել է դպրոցների 60-ից ավելի շենքեր:
Ըստ այն տվյալների, որոնք շարունակում են ստացվել արշիպելագի մյուս կղզիներից, «Ուինսթոնը» հողին է հավասարեցրել ամբողջ գյուղեր:
Ֆիջի Հանրապետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ 300 կղզիների վրա, որոնցից շուրջ հարյուրն անմարդաբնակ են: Երկրում ապրում է շուրջ 890 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



