Հայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆIravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական հարթակում հանրային քնն արկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հասցեների ռեեստրի տվյալների շտեմարանի վարման, տվյալների հավաքագրման, մուտքագրման, պահպանման, փոփոխման, տրամադրման և պաշտպանության միասնական պահանջներ։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասցեների վերաբերյալ տվյալների ամբողջական, միատեսակ և արժանահավատ պահպանման անհրաժեշտությամբ։ Հասցեների տվյալներն օգտագործվում են տարբեր պետական տեղեկատվական համակարգերում, ուստի դրանց կառուցվածքի և փոփոխությունների միասնական հաշվառումը կարևոր է։
Ինչպե՞ս են վարվելու հասցեների տվյալները
Նախագծով նախատեսվում է կանոնակարգել հասցեների վերաբերյալ տվյալների մուտքագրման և պահպանման գործընթացը։ Մասնավորապես՝ պետք է հստակեցվեն հասցեի կառուցվածքային տվյալները, իրավական հիմքերը, տեղադիրքը և կարգավիճակը։
Կսահմանվեն նաև հասցեի եզակի նույնականացման պահանջներ։ Այսինքն՝ յուրաքանչյուր հասցե պետք է ունենա իրեն համապատասխանող նույնականացուցիչ, որը չի կարող վերագրվել մեկ այլ հասցեի։
Կպահպանվեն նաև նախկին հասցեների տվյալները
Նախագծով նախատեսվում է տարանջատել գործող և արխիվացված հասցեների գրառումները։
Հասցեի փոփոխման կամ արխիվացման դեպքում նախկին գրառումները չեն ջնջվի, այլ կպահպանվեն շտեմարանում։ Սա հնարավորություն կտա վերականգնել հասցեի փոփոխությունների հաջորդականությունը և հետևել նախկին ու նոր հասցեների միջև կապին։
Կհաշվառվեն տվյալների փոփոխությունները
Կանոնակարգով նախատեսվում է սահմանել նաև շտեմարանում կատարվող գործողությունների հաշվառման պահանջներ։ Մասնավորապես՝ պետք է հնարավոր լինի հետևել տվյալների մուտքագրման և փոփոխման գործողություններին։
Կկարգավորվեն նաև տվյալների՝ վեբ ծառայությունների միջոցով տրամադրման, այլ տեղեկատվական համակարգերի հետ փոխգործելիության և հասանելիության վերահսկման հարցերը։
Ո՞ր մարմինն է պատասխանատու լինելու շտեմարանի կառավարման համար
Նախագծով հասցեների ռեեստրի տվյալների շտեմարանի կառավարման հետ կապված գործառույթները վերապահվում են Կադաստրի կոմիտեին։
Կոմիտեն պատասխանատու կլինի շտեմարանի կառավարման, տվյալների որակի վերահսկման, տեղեկատվական անվտանգության և այլ համակարգերի հետ փոխգործելիության ապահովման համար։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հասցեների վերաբերյալ տվյալների միասնական և շարունակական պահպանումը, հասցեների նույնականացման հստակ մեխանիզմները, փոփոխությունների պատմության հետագծելիությունը և պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման արդյունավետությունը։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։
Որոշման նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



