Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի օջախը գտնվում է «Կայարանային հրապարակ» մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ: Այրվում է կայարանին կից գործող հետիոտնային կամուրջը: Ականատեսների տարածած տեսանյութերում երևում է տարածքից բարձրացող թանձր սև ծուխը և բաց կրակը:
Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարական բրիգադներ: Ոստիկանությունը սահմանազատել է տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս պահին իրականացվում են ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհի բռնկման հստակ պատճառները, ինչպես նաև տուժածների կամ հասցված նյութական վնասի չափի վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռևս ճշտվում են:



