Բրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի ճանապարհորդ Կարլ Բուշբին ավարտել է ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը տևել է 28 տարի, և վերադարձել է մոր տուն անգլիական Հալ քաղաքում, հայտնում է Associated Press-ը (AP):
Կարլ Բուշբին Չիլիից ճանապարհ է ընկել 1998 թվականի նոյեմբերի 1-ին 29 տարեկանում, այժմ նա 57 տարեկան է: Նա իր առջև երկու պայման էր դրել․ չէր կարելի օգտվել մեքենաներից և վերադառնալ տուն մինչև ճանապարհի ավարտը, նույնիսկ եթե մահանային հարազատները կամ ընկերները:
Բուշբիին դիմավորել են հարյուրավոր մարդիկ Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող նրա հայրենի Հալ քաղաքի հրապարակում:
«Ներեցեք, որ ստիպեցի ձեզ սպասել»,- կատակել է նա՝ դիմելով ամբոխին:
Ճանապարհորդը պատմել է, որ ճանապարհի ավարտից առաջ՝ վերջին օրերին, տագնապ է զգացել ճանապարհորդության ավարտի պատճառով:
«Գաղափար անգամ չունեմ, թե ինչ է լինելու կյանքումս հետո»,- խոստովանել է նա:
Նրա խոսքով՝ ինքը ստիպված է եղել երկու համաշխարհային ռեկորդ սահմանել՝ վերադառնալու համար:
Բուշբին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ հանդիպել է ընտանիքի անդամների հետ, ովքեր միացել են իրեն ճանապարհորդության ընթացքում: Նա վերամիավորվել է Ադամի՝ իր 36-ամյա որդու հետ, ում հազվադեպ էր տեսել, և առաջին անգամ հանդիպել է իր 12-ամյա թոռնուհուն:
Սկզբում նա ծրագրում էր անցնել 36,000 մղոն (58,000 կմ) 12 տարում, սակայն ճանապարհն ավելի շատ ժամանակ է պահանջել: Օրինակ՝ Ռուսաստանում Բուշբիին սահմանն անցնելու կանոնները խախտելու համար բերման են ենթարկել: Ճանապարհորդության ընթացքում նա սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, ինչպես նաև լողալով անցել է Կասպից ծովն ու Լա Մանշը:



