Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆUcom-ը չորրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի պլատինե գործընկեր՝ աջակցելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, նորարարությունների խթանմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Նոյեմբերի 3-4-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում, անցկացվող Silicon Mountains Summit & Expo 2026-ն այս տարի կրում է «Invest in Innovation» («Ներդրումներ նորարարության մեջ») խորագիրը։ Գագաթնաժողովը մեկ հարթակում կհամախմբի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ոլորտի փորձագետներին, ներդրողներին, ստարտափներին, ինչպես նաև պետական և կրթական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու նորարարությունների ֆինանսավորման, տեխնոլոգիական զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման հարցերը։
Առաջին անգամ Silicon Mountains-ը կանցկացվի երկօրյա ձևաչափով՝ ներառելով միջազգային գագաթնաժողով, տեխնոլոգիական ցուցահանդես և Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում։ Ծրագրում նախատեսված են միջազգային փորձագետների ելույթներ, պանելային քննարկումներ, գործնական աշխատարաններ և B2B հանդիպումներ։ Երկու օրերի ընթացքում գործող ստարտափների ցուցահանդեսը հնարավորություն կտա նորարարական նախագծերին ներկայացնելու իրենց լուծումները և համագործակցության կապեր հաստատելու հնարավոր գործընկերների ու ներդրողների հետ։
Գագաթնաժողովի հատուկ հյուրն է տիեզերական և էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր, 2026 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի դափնեկիր Քամ Ղաֆարիանը։ Միջազգային հեղինակավոր խոսնակների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://silicon-mountains.org/ կայքում։
«Տեխնոլոգիական առաջընթացը պահանջում է ոչ միայն ժամանակակից լուծումների ներդրում, այլև շարունակական ներդրումներ գիտելիքի, մարդկային ներուժի և համագործակցության զարգացման մեջ։ Ucom-ի համար Silicon Mountains-ի գործընկերությունը հնարավորություն է աջակցելու այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ միջազգային փորձը, նորարարական գաղափարներն ու բիզնեսի կարիքները հանդիպում են մեկ հարթակում։ Մենք կարևորում ենք նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացմանը և նոր հնարավորություններ ստեղծում ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ բիզնեսի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս տարվա գագաթնաժողովի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ստարտափներում ներդրումների հնարավորություններին, տեխնոլոգիական ոլորտում կանանց առաջնորդությանը և նորարարական գաղափարների գործնական կիրառությանը նվիրված քննարկումները։ Միջոցառման երկրորդ օրը կանցկացվի նաև Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը։
«Silicon Mountains 2026-ն այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հանդիպման վայրն է՝ համախմբելով նորարարներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին Հայաստանի տեխնոլոգիական ապագայի շուրջ։ «Ներդրումներ նորարարության մեջ» խորագրի հիմքում Հայաստանի ապագայի մասին հստակ հարց է՝ ինչ քայլեր պետք է անենք այսօր, որպեսզի Հայաստանի ներուժը վաղը վերածվի իրական ձեռքբերումների։ Մեր ընդհանուր պատասխանատվությունն է այդ ճանապարհը հնարավոր դարձնել՝ գաղափարից մինչև արտադրանք, հետազոտությունից մինչև շուկա», – նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սիլիկոնյան սարեր 2026» թեմային նվիրված երկկողմանի նամականիշի մարման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Հայփոստ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արարողությանը մասնակցել են նաև պետական կառույցների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ։
Silicon Mountains-ը՝ ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ անցկացվում է 2019 թվականից՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, գիտելիքի փոխանակմանը և միջազգային գործընկերությունների ձևավորմանը։
Ucom-ը շարունակում է աջակցել տեխնոլոգիական կրթության, նորարարության և թվային փոխակերպմանն ուղղված նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը։



