Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և նրա քաղաքացիների առաջադրումը քվոտավորված պաշտոններում կասեցնելու հարցը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կա Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված որոշման նախագիծ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ։ Դա վերաբերում է անդամավճարներին և չմասնակցելուն։ Վերջին երկու տարին, արդեն երրորդ տարին է՝ չմասնակցելու։ Ասենք այսպես՝ ներկայություն, բայց չմասնակցություն Պայմանագրի կազմակերպության աշխատանքներին», — ասել է նա։
Դրանից առաջ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ էր արել Հայաստանին հեռացնել կազմակերպության կազմից։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Երևանը ներկայումս չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Միևնույն ժամանակ հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, ինչի կապակցությամբ նրա հետ պետք է համաձայնեցվեն բոլոր ընդունվող որոշումները։



