Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրում իր կողմից հաստատված հրադադարի ժամկետի ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է PSB News-ը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկնոջը 6-օրյա հրադադարի գործում իր նշանակալի հումանիտար դերակատարման համար։ Նա Մելանյա Թրամփին է փոխանցել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհակալությունը։
Միջոցառմանն ուկրաինական կողմից մասնակցել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը։
Արախամիան ԱՄՆ առաջին տիկնոջն ասել է, որ նա «հիանալի աշխատանք» է կատարել, և հորդորել է շարունակել աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը ստիպված է եղել ավելի քան չորս տարի դիմակայել պատերազմին։
«Անկասկած, մենք կցանկանայինք խնդրել Ձեզ շարունակել այս աշխատանքը, նոր առաքելություններ ստանձնել և հնարավորինս նպաստել լարվածության թուլացմանը», – ասել է Արախամիան։
2025 թվականից Մելանյա Թրամփը համագործակցում է երկու երկրների հետ՝ պատերազմի պատճառով բաժանված ընտանիքներին վերամիավորելու նպատակով։ Մինչ այժմ նրա ջանքերի շնորհիվ շուրջ երեք տասնյակ երեխաներ վերադարձել են իրենց հարազատների մոտ։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ առաջին տիկինը հույս է հայտնել, որ Օլեշկիում հաստատված հրադադարը կդառնա ավելի երկարատև և կտարածվի ավելի մեծ տարածքների վրա։
«Թող Օլեշկին դառնա այն համեստ կայծը, որը կվերածվի խաղաղության հարատև բոցի», – ասել է նա։
Ըստ Reuters գործակալության՝ Մելանյա Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նաև Դմիտրի Լյուբինեցից ընդունել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից իրեն շնորհված «Իշխանուհի Օլգայի» առաջին աստիճանի շքանշանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը նույնպես հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպում չի եղել։



