Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբան լուրջ է վերաբերվում կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության սպառնալիքին և պարբերաբար պատրաստում է իր բնակչությանը երկիրը պաշտպանելու համար, հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։
«Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում: Ուստի, օրինակ, Կուբայում ամեն ուրբաթ օրը մենք նվիրում ենք պաշտպանությանը, որպեսզի պատրաստենք ամբողջ ժողովրդին պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական», – ասել է դիվանագետը:
Սոբերոն Գուսմանի խոսքով՝ Կուբայի ղեկավարությունը հաշվի է առնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որոնք խոստովանել են կղզու դեմ ուժային գործողությունների հնարավորությունը։
Դիվանագետը նշել է, որ սպառնալիքները գնահատելիս Հավանան հաշվի է առնում նաև Վաշինգտոնի գործողությունները միջազգային ասպարեզում վերջին տարիներին։
«ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք եղել են ոչ թե մեկ, ոչ երկու, այլ բազմաթիվ հրապարակային հայտարարություններ նրա բարձրաստիճան ղեկավարների կողմից Կուբան գրավելու, ռմբակոծելու և ոչնչացնելու պատրաստակամության մասին: Սա ևս մեկ կարևոր պատճառ է նման սպառնալիքներին լրջորեն վերաբերվելու համար», – ընդգծել է նա:



