Մահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր Չերնեցկին
ՄՇԱԿՈՒՅԹ«Ռազնյե Լյուդի» ռոք խմբի հիմնադիրն ու վոկալիստ Ալեքսանդր Չերնեցկին մահացել է 60 տարեկանում։ Նրա մահվան մասին նոյեմբերի 9-ի գիշերը հայտնել են խմբի՝ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Ի՞նչ է պատահել քեզ, եղբա՛յր... Հիմա մենք պետք է ամեն ինչ ավարտին հասցնենք առանց քեզ։ Բայց արցունքները խանգարում են... Ամեն ինչ այն չէ, ամեն ինչ սխալ է...»,- ասվում է խմբի հրապարակման մեջ։
Ավելի ուշ գրառման հեղինակը մեկնաբանություններում հստակեցրել է, որ երաժիշտը մահացել է նոյեմբերի 8-ին։
Չերնեցկու մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաև ռոք երաժիշտներ Բրանիմիրը (Ալեքսանդր Պարշչիկով) և Գարիկ Սուկաչովը։
«Ցտեսություն, ընկեր, եղբայր, ուսուցիչ... Ես քեզ կկարոտեմ»,- գրել է Բրանիմիրը։
«Տխուր լուր է ստացվել։ Մահացել է նշանավոր երաժիշտ, «Ռազնյե Լյուդի» խմբի ղեկավար Ալեքսանդր Չերնեցկին։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Սուկաչովը։
Մոտ մեկ շաբաթ առաջ «Մենք ընտրում ենք կյանքը» փառատոնի կազմակերպիչները հայտնել էին, որ «Ռազնյե Լյուդի» խումբը չի մասնակցի միջոցառմանը՝ Չերնեցկու առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Ալեքսանդր Չերնեցկին ծնվել է 1966 թվականին Խարկովում։ Երաժշտությամբ և կիթառով սկսել է հետաքրքրվել դեռևս դպրոցական տարիներին։ Հենց հայրենի քաղաքում էլ նա հիմնել է «Ռազնյե Լյուդի» («Տարբեր մարդիկ») ռոք խումբը։ Ավելի ուշ երաժիշտը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ձևավորել է խմբի նոր կազմը։
Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է 20 ալբոմ։ Դրանցից մի քանիսը ձայնագրվել են Սերգեյ Չիգրակովի և նրա «Չիժ ի Կո» խմբի հետ համատեղ։



