Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹաղման նպաստի վճարման գործող կարգը պահպանելու և նախատեսված փոփոխությունների նախագիծը չեղարկելու որոշման հետևանքով 2027 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները չեն բարձրանա նախապես հայտարարված 1000 դրամով։ Այս մասին Auroranews.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
«Աշխատանքի և բարեկեցության նախարարության առաջարկած՝ թաղման նպաստների վճարման կարգի փոփոխությունները նպատակ ունեին առավել թիրախային դարձնելու դրանց տրամադրումը։ Նախատեսվում էր, որ այդ փոփոխությունների արդյունքում կազատվեն բյուջետային միջոցներ, որոնք կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։
Սակայն, քանի որ նախագիծն այժմ չեղարկվել է, թաղման նպաստների տրամադրման գործող կարգը և շահառուների շրջանակը կմնան անփոփոխ։ Հետևաբար, լրացուցիչ բյուջետային միջոցներ չեն ազատվի, և դրանք հնարավոր չի լինի ուղղել կենսաթոշակների բարձրացմանը»,- Auroranews.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թաղման նպաստների վճարման գործող կարգը կպահպանվի, և քաղաքացիները կշարունակեն ստանալ նպաստը նախկին պայմաններով։ Այս մասին հայտնել էր աշխատանքի և բարեկեցության նախարար Թորոսյանը։



