Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի որոշմամբ բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։



