Գևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հայտարարեց ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին:
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Վերջին օրերին առաջիկա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների եւ իմ թեկնածության շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին եւ բոլոր նրանց, որոնք վստահություն են հայտնել ինձ եւ առաջարկել իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ: Խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի եւ մեծ պատասխանատվության մասին է: Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում: Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական եւ արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր եւ ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում ենք իրացնել: Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում եւ երկարաժամկետ զարգացման ծրագիր:
Ֆուտբոլը պատկանում է բոլորիս եւ դրա ապագայի պատասխանատվությունը նույնպես բոլորինս է: Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին: Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- հայտարարության մեջ ասել է Գեւորգ Ղազարյանը:
Օրերս Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները Գեւորգ Ղազարյանին ներկայացրել էին որպես ՀՖՖ նախագահին իրենց թեկնածու:
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 21-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



