Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում եռահարկ շենք է փլուզվել, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 12-ը՝ կայուն։ Մեկ հրշեջ ստացել է թեթև վնասվածքներ։ Այս 19 տուժածից 7-ը երեխաներ են: Այս մասին հայտնել է Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի հանձնակատար Լիլիան Բոնսինյորեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ կանչը ստացվել է ժամը 16:01-ին (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 12-ի 01:01-ին)։ Դեպքի վայր են ուղարկվել մասնագիտացված փրկարարական ստորաբաժանումներ։
Շինարարները հողային աշխատանքներ են իրականացրել Նյու Յորքում փլուզված բնակելի շենքի անմիջական հարևանությամբ, կառույցն ամբողջությամբ փլուզվել է կողքին փորված փոսի մեջ։ Այս մասին հայտարարել է քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Էսպոզիտոն։
«Մեզ մոտ տեղի է ունեցել եռահարկ բնակելի շենքի ամբողջական փլուզում հարակից շինհրապարակի փոսի մեջ, որտեղ հողային աշխատանքներ էին տարվում։ Մենք գործի ենք դրել փլուզման դեպքում փրկարարական աշխատանքների պլանը։ Մենք հետազոտել ենք և շարունակում ենք դատարկ տարածքներ փնտրել՝ տուժածներին հայտնաբերելու նպատակով»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Էսպոզիտոն հավելել է, որ հրշեջների և ոստիկանների կինոլոգները ծառայողական շների հետ փնտրում են այն հատվածները, որտեղ կարող են մարդիկ գտնվել։
«Եթե դրանք հայտնաբերվեն, ապա մենք կհետազոտենք այդ գոտիները և այնուհետև ձեռնամուխ կլինենք փլատակների մասնակի մաքրմանը»,- հավելել է նա։



