Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլին ներգրավել ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են, որ բանակցությունների հաջորդ ռաունդին կմասնակցեն նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։
«Այժմ երկու կողմերը համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ ռաունդը՝ դրանում ներառելով մեր եվրոպական գործընկերներին»,– գրել է Քուշները X սոցցանցում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի մասնակցությունը թույլ կտա «դիտարկել հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն մեխանիզմները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա տարածքային խնդիրների հետ մեկտեղ»։
Քուշները ընդգծել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը պահանջում է անվտանգության հուսալի երաշխիքներ, հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ և դէսկալացիայի փոխադարձ պարտավորություններ։
ԱՄՆ հատուկ բանագնացի խոսքով՝ ամերիկյան կողմը մտադրված է զուգահեռաբար քննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունն ու Ուկրաինայի անվտանգային խնդիրները։
«Մենք հաստատել ենք, որ եվրոպական անվտանգության ոչ մի լայնածավալ համաձայնագիր վերջնականապես չի հաստատվի առանց հաշվի առնելու Ուկրաինայի անվտանգային մտահոգությունները։ Մենք կսկսենք քննարկել այս փոխկապակցված հարցերը զուգահեռաբար՝ հասկանալով, որ բացառությամբ հումանիտար միջոցառումների, ոչինչ չի ավարտվի մինչև համապարփակ համաձայնության ձեռքբերումը»,– նշել է նա։
Ակնկալվում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր փուլի մանրամասների և ժամանակացույցի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։ Քուշները նաև հավելել է, որ հսկայական աշխատանք է կատարվել Ուկրաինայի շուրջ ուղղակի բանակցությունները վերսկսելու և կողմերի մտահոգությունները հասկանալու ուղղությամբ։



