Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը նոյեմբերի սկզբին Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և Թայվանի մերձակայքում լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացրել՝ առանց դրանց մասին նախապես հայտարարելու։ Այս մասին, հղում անելով Թայվանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, հաղորդում է Reuters գործակալությունը։
Զորավարժությունների ամենաակտիվ փուլում տարածաշրջանում կենտրոնացվել է Չինաստանի ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության ավելի քան 100 նավ։ Ռազմական գործողությունների ընթացքում փորձարկվել են տարբեր հարձակողական սցենարներ, այդ թվում՝ այլ երկրների զինված ուժերի և քաղաքների, մասնավորապես՝ Թայբեյի դեմ հնարավոր հարվածների նմանակումներ։
Թայվանի պաշտոնյաները Պեկինի գործողությունները որակել են որպես «քողարկված ահաբեկման» փորձ՝ նշելով, որ դրանց նպատակն է ուժեղացնել ռազմական և քաղաքական ճնշումը Թայվանի ու տարածաշրջանի այլ պետությունների նկատմամբ։
Թայվանի անվտանգության ոլորտի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ի դրությամբ չինական շուրջ 70 նավ դեռևս գտնվում էր այսպես կոչված Առաջին կղզային շղթայի սահմաններում։ Զորավարժություններին մասնակցել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի երեք հրամանատարությունները՝ Արևելյան, Հյուսիսային և Հարավային։
Աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ զորավարժությունների ընթացքում Դեղին ծովում տեղակայված չինական սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել՝ Չինաստանի մայրցամաքային հատվածի ուղղությամբ։
Past.am-ի փոխանցմամբ՝ Պեկինը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել զորավարժությունների անցկացումը։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես չի պատասխանել Reuters-ի՝ ռազմական գործողությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցմանը։



