Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՎերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։ Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։
Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով՝ դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», - նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսել է լրացուցիչ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Գործող պրակտիկան, երբ անձանց ձերբակալում են, և, ռուսական կողմի փոխանցմամբ, սահմանափակվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները, առաջացրել է միջգերատեսչական լուրջ հակասություններ։
Ավելին, ինչպես նշվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ՌԴ քաղաքացիներին կարող են նախազգուշացնել Հայաստան այցելելուց զերծ մնալու մասին։ Դիվանագիտական հարթակում հնչող նման ազդակները պահանջում են պետական ինստիտուտների հանգամանալից և սթափ գնահատականը։
Past.am-ի դիտարկմամբ՝ նման միտումների պահպանման և հարաբերությունների հետագա սրման պարագայում կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան կնվազեն։ Հաշվի առնելով, որ Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունների զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին, նրանք կարևոր նշանակություն ունեն տեղական զբոսաշրջության կայունության համար։
Ռուսաստանից ապահովվող զբոսաշրջային և տնտեսական հոսքերը զգալի շրջանառություն են ձևավորում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց էական կրճատումը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել մի շարք ոլորտների համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն դիտարկեն այս հնարավոր հետևանքները և բացառեն այնպիսի իրավական ու վարչարարական միջավայրը, որտեղ Հայաստան այցելող ռուսաստանցիները կարող են բախվել անկանխատեսելի խնդիրների։
Past.am-ը կհետևի հայ-ռուսական հարաբերություններում այս հարցի հետագա զարգացումներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։



