Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պարտավորեցնել Իրանին փոխհատուցում վճարել տարածաշրջանի երկրների վրա հարձակումների հետևանքով հասցված վնասի համար։ Այս մասին հայտնել է խոչհչդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ-Բուդայվին՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել այդ հարձակումների մեղավորներին և պարտավորեցնել Իրանին փոխհատուցել դրանցով պատճառված վնասը», - մեջբերվում են նրա խոսքերը խորհրդի հայտարարության մեջ։
Տարածաշրջանային կառույցի տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանը Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 7,000 հրթիռ և անօդաչու թռչող սարք։
Անդրադառնալով Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին՝ ալ-Բուդայվին ընդգծել է, որ ցանկացած ապագա պայմանավորվածություն պետք է հաշվի առնի արաբական միապետությունների մտահոգությունները։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է իրանական միջուկային ծրագրին, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խմբավորումներին աջակցելուն։ Գլխավոր քարտուղարը նաև մատնանշել է Պարսից ծոցի պետությունների մասնակցության անհրաժեշտությունը իրենց անվտանգությանն առնչվող ցանկացած բանակցություններում։



