ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Իլինոյս նահանգի Պեորիա քաղաքում իշխանությունները տարհանել են BioUrja էթանոլի գործարանից շուրջ մեկ մղոն (մոտ 1,6 կմ) շառավղով ապրող բնակիչներին։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ձեռնարկության տարածքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հաղորդում է NBC News-ը։
Ոստիկանությունն ու դաշնային ծառայությունները սպառնալիքն իրական են համարել և վնասազերծել սարքը, սակայն տարածքի զննումը դեռ շարունակվում է։
Պեորիայի ոստիկանապետ Բրեդ Դիքսոնը շաբաթ առավոտյան կայացած ճեպազրույցում հայտնել է, որ տարհանման որոշումը դեռևս ուժի մեջ է։ Նրա խոսքով՝ իրավապահները պետք է մանրակրկիտ ստուգեն ձեռնարկության ողջ տարածքը, ուստի շրջանն առայժմ անվտանգ համարել չի կարելի։
«Մենք ստիպված կլինենք զննել ամբողջ տարածքը»,- հայտարարել է Դիքսոնը։
Նա հրաժարվել է մանրամասնել, թե քանի կասկածելի սարք է հայտնաբերվել և կոնկրետ որտեղ են դրանք եղել, սակայն շեշտել է, որ գործարանից մեկ մղոն շառավղով ապրող բնակիչները պարտավոր են լքել վտանգավոր գոտին։
Պեորիայի քաղաքապետ Ռիտա Ալին WEEK հեռուստաալիքի հետ զրույցում նշել է, որ գործողությանը ներգրավվել են բոլոր անհրաժեշտ ուժերը։ Ըստ նրա՝ իշխանությունները պարզել են, որ հայտնաբերված սարքն իրական սպառնալիք է և իսկապես ռումբ է եղել։
ՀԴԲ-ի հատուկ գործակալ Ռայան Փրեսլին տեղեկացրել է, որ բյուրոյի աշխատակիցները տեղական իրավապահ մարմինների և նահանգի ոստիկանության հետ համատեղ հաստատել են առարկայի վտանգավորությունը և վնասազերծել այն։ Միևնույն ժամանակ իշխանությունները սարքի տեսակի և դրա հայտնաբերման հանգամանքների մասին մանրամասներ չեն հրապարակել։
Տարհանվածների համար ժամանակավոր ապաստարան է կազմակերպվել Պեորիայի Էմանուել միջնակարգ դպրոցում։ Դեմոկրատ կոնգրեսական Էրիկ Սորենսենը հանդիպել է տներից հեռացած քաղաքացիների հետ, իսկ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Փրիցքերը բնակիչներին հորդորել է խստորեն կատարել ոստիկանության հրահանգներն ու չմոտենալ դեպքի վայրին։
Միջադեպի պատճառով չեղարկվել են մի շարք միջոցառումներ։ Ամերիկացի քանթրի-երգիչ Ջոն Փարդին չեղարկել է ուրբաթ երեկոյան Peoria Civic Center-ում նախատեսված իր համերգը։ Կազմակերպիչները հայտնել են, որ տոմսերի գումարները կվերադարձվեն։ Տոնական միջոցառում է չեղարկվել նաև Dozer Park մարզադաշտում, որտեղ հանդես է գալիս Peoria Chiefs բեյսբոլի թիմը։
Մերձակայքում գտնվող OSF HealthCare St. Francis բժշկական կենտրոնից հայտնել են, որ ձեռնարկում են անհրաժեշտ նախազգուշական միջոցներ և շարունակում հետևել իրավիճակի զարգացմանը։
Հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունն առայժմ չի հստակեցրել՝ ով կարող էր թողնել սարքը, և արդյոք ենթադրյալ հարձակումն ունեցել է կոնկրետ թիրախ։



