Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս, հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳՆ քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ձեռք են բերել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները, Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրում՝ թույլտվությամբ հատկացված սահմաններից դուրս, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա իրականացրել է ապօրինի արդյունահանում և արդյունահանված հումքն իրացրել տարբեր իրավաբանական անձանց։
Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 524 միլիոն դրամի վնաս, իսկ շրջակա միջավայրին՝ էական վնաս։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Հետևեք մեզ՝ այստեղ



