Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 15-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի վրա։ Տագանրոգում վնասվել է երկու էլեկտրական ենթակայան, ինչի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը, իսկ Նեկլինովսկի շրջանում վնասվել է Ռ-280 մայրուղու կամուրջը։ Հարձակման հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, ևս չորս մարդ վիրավորվել է, հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նահանգապետի տեղեկացմամբ, զոհվածն էլեկտրական ենթակայանի գլխավոր ինժեներն էր։ Նա ցավակցություն է հայտնել վերջինիս հարազատներին ու մտերիմներին։
Չորս տուժածները՝ երեք տղամարդ և մեկ կին, վիրավորվել են ավտոմայրուղու և ավտոլցակայանի տարածքում գտնվող մեքենաների վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են, բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։
Նեկլինովսկի շրջանում վնասվել է Ռ-280 մայրուղու 64-րդ կիլոմետրում երկաթուղային գծերի վրայով անցնող կամրջի ճանապարհային ծածկը։ Վնասվել է նաև չորս ավտոմեքենա։
Կամրջով երթևեկությունը փակվել է, տրանսպորտային միջոցներն ուղղորդվել են Տագանրոգով և Պոկրովսկոյե գյուղով։
Տագանրոգում վնասվել է երկաթուղին սպասարկող էլեկտրական ենթակայանը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Տագանրոգ-Պասաժիրսկի կայարանից մինչև Միխայլովկա կայարան ընկած հատվածի էլեկտրահաղորդման գծերը։ Երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։
Վնասվել է նաև Շուբին թաղամասում գտնվող մեկ այլ էլեկտրական ենթակայան, որտեղ հրդեհ է բռնկվել։ Հատուկ ծառայությունները վերացնում են հետևանքները։
Սլյուսարի տվյալներով, անցած գիշեր օդային հարձակումը հետ մղելիս Տագանրոգում, Դոնի Ռոստովում և մարզի յոթ շրջաններում ոչնչացվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք։ Նահանգապետը չի հստակեցրել, թե քանի սարք է արձակվել, և կոնկրետ որ օբյեկտներն են եղել հարձակման թիրախները։
Հրապարակման պահին Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգը պահպանվում էր։ Իշխանությունները նաև հիշեցրել են մարզում գործող՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները լուսանկարելու և տեսանկարահանելու, ինչպես նաև համապատասխան նյութերը համացանցում հրապարակելու արգելքի մասին։



