Համակարգային խնդիրն ու տրանսպորտային հոսքերը. Տիգրան Ավինյանը՝ Երևանի երթևեկության և կառուցապատման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային իրավիճակին և երթևեկության խնդիրների վերաբերյալ շրջանառվող թեզերին։
«Սա լավ առիթ է մեր տրանսպարտային իրավիճակի և ընթացիկ վիճակի մասին խոսելու, որովհետև շատ տարբեր թեզեր են պտտվում Երևան քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ և կարծում եմ՝ այդ թեզերին անդրադառնալու կարիք կա, որովհետև, եթե մենք չենք անդրադառնում այդ թեզերին, անդրադառնում են շատ տարբեր մարդիկ, որոնք իրապես, ոնց որ թե, չեն պատկերացնում համակարգային խնդիրը»,– նշել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ 2016 թվականի համեմատ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները կրկնապատկվել են՝ նախկին 12 միլիոն ուղևորի փոխարեն այսօր հասնելով 23 միլիոնի. «Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումները նույնպես ավելացել են, և օրական ունենք 530 հազար վալիդացիա՝ մետրոպոլիտենի հետ միասին, որը 10 տարի առաջվա տվյալներով 60-70 %-ով աճել է։ Երևան քաղաքում ավելացել են ավտոմեքենաները՝ էքսպոնենցիալ տեմպով, և ավելացել են մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ-ում տնտեսությունն աճում է, համախառն ներքին արդյունքն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում, և, այո, գնում են մեքենա»։
Ավինյանը հերքել է նաև պնդումը, թե նոր շենքերն ու շինթույլտվություններն ազդում են երթևեկության վրա. «Կառուցվող շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներում ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ որ մարդիկ աշխատում են գումար և գնում են նոր ավտոմեքենա, և միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր կառուցված շենք, որն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի»։
Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ մայրաքաղաքը միանշանակ շահում է այս շինարարությունից. «Արդյո՞ք այդ շենքերից Երևան քաղաքը շահում է, թե ինչ-որ բան կորցնում է։ Երևան քաղաքը միանշանակ այս շինարարությունից շահում է, որովհետև եթե մի վայրկյան անգամ պատկերացնենք, որ Երևանի քաղաքապետարանը ինչ-որ մի կետում կդանդաղեցնի շինարարական այս տեմպը, ես ուզում եմ դուք պատկերացնեք, թե մեր անշարժ գույքի շուկայի և վարձակալության շուկայի հետ ինչ տեղի կունենա։ Շենքերը չեն, որ բերում են շարժունակության, և նոր շենքերը չեն, որ բերում են նոր մարդկանց։ Նոր մարդիկ տեղափոխվում են մեծամասամբ պատերազմի պատճառով, որը տեղի է ունենում հյուսիսում, և մարդիկ տեղափոխվել են՝ 2023–ին Լեռնային Ղարաբաղից տեղահանված հազարավոր ընտանիքներ այսօր ապրում են Երևանում։ Այդ նոր շենքերը, որոնք որ կառուցվում են, անշարժ գույքի շուկայում մեղմում են վարձակալության գինը, և եթե այդ շենքերը չկառուցվեին, այստեղ անշարժ գույքի շուկան, չգիտեմ, մոտավորապես արդեն Մայամիի գների կհասներ»։
Ավինյանի խոսքով՝ 2022 թվականից կառուցվող նոր շենքերից Երևան քաղաքն ունի ուղիղ ֆինանսական հետաքրքրություն. «Մասնավորապես, հարյուրավոր բակեր, ֆուտբոլի դաշտեր, ճանապարհներ, կոյուղիներ Երևանի քաղաքապետարանը կառուցել է այն տուրքերով, որոնք սկսել են ներդնել 2023 թվականից այդ շինարարությունների համար։ Թող ինձ ներեն, բայց այստեղ ես շատ ուղիղ ուզում եմ ասել՝ այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր գնում են, դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր»։



