Լավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Նրանց թիվը Հայաստանում մոտ 350 հազար է։
Նախարարի խոսքով՝ առաջին տարում ապահովագրավճարը կսուբսիդավորվի։ Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կվճարի պետությունը, նույնքան՝ գործատուն, իսկ քաղաքացին կվճարի 2 000 դրամ։ Ավանեսյանը նշել է, որ առաջարկը քննարկվել է գործատուների հետ, և քննարկումները հիմնականում դրական են եղել։
Փոփոխություններ են նախատեսվում նաև էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություններ մատուցող վարորդների համար։ Նրանք ևս կարող են ընդգրկվել համակարգում՝ ամսական 10 800 դրամ ապահովագրավճար վճարելով։ Սակայն դրա համար սահմանվել են պայմաններ․ վարորդը պետք է առնվազն երկու տարի գրանցված լինի էլեկտրոնային հարթակում, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ունենա ամսական նվազագույն աշխատավարձի չափով շրջանառություն։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան ապահովագրել իրենց փոխկապակցված անձանց՝ դիմելով Ապահովագրական հիմնադրամին և վճարելով ամսական ապահովագրավճարը։ Ըստ նախարարի՝ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կարող են ապահովագրել մեկ անձի, իսկ 500 հազար դրամից ավելի ստացողները՝ երկու անձի։ Փոխկապակցված անձանց թվում են երեխաները, ծնողները, ամուսինը կամ կինը։
Օրենսդրական փաթեթը, որն ընդգրկում է նաև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։ Past.am-ը հետևում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և դրա պայմանների փոփոխության գործընթացին։



