Վարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի հերթական նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է հնարավորություն ստեղծել տեղում՝ թքի միջոցով ստուգելու վարորդի թմրամիջոց օգտագործելու հանգամանքը։ Այս մասին ասել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Նախագծերով մենք առաջարկում ենք նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի տեղում հնարավոր լինի ստուգել վարորդի սթափության վիճակը՝ թմրամիջոցների օգտագործման տեսանկյունից»,- ասել է նա։
Մկրտչյանի խոսքով՝ այս կարգավորմամբ պատասխանատվության խստացում չի առաջարկվում։
«Այստեղ մենք սանկցիաների ավելացում չենք նախատեսում, սանկցիաները մնում են նույնը։ Ուղղակի հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի տեղում թքի միջոցով հնարավոր լինի պարզել վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը, իսկ ներկայում դա միայն արյան և մեզի ստուգմամբ է հնարավոր անել՝ լաբորատոր պայմաններում»,- պարզաբանել է փոխնախարարը։



