Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից
ՔԱՂԱՔԱԿԱՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ նոյեմբերի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում, հնարավոր մեծ օգուտ կբերի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հանդես գալով ԱԽՏՀ-ի գործարար գագաթնաժողովում՝ Պուտինը նշել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հարթակը լայն հնարավորություններ է ընձեռում բոլոր մակարդակներում կառուցողական շփումների համար և ամենից առաջ առաջատար տնտեսությունների ղեկավարների միջև, որոնք կարող են մեկ սեղանի շուրջ կարծիքներ փոխանակել, փոխզիջումների և շահերի հավասարակշռության որոնման միջոցով լուծել քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում ցանկացած միջպետական տարաձայնություն, համատեղ աշխատել գլոբալ կայուն զարգացման հիմքերի ամրապնդման ուղղությամբ»։
«Ուստի մեծ հնարավոր օգուտ եմ ակնկալում նաև Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև առաջիկա եռակողմ հանդիպումից, որը պլանավորված է անցկացնել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում», – ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ժամանակակից անկայուն աշխարհում գլոբալ տնտեսության մասնատման, ռազմաքաղաքական ռիսկերի աճի պայմաններում խիստ պահանջված են միասնությունը, այլ ոչ թե պառակտումը, հավասարությունը, այլ ոչ թե հեգեմոնիան, գործընկերությունը, այլ ոչ թե մեկուսացումը, երկխոսությունը, այլ ոչ թե վերջնագրերը։



