Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։
ՀՀ ՊՆ լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվացրել են համագործակցությունը հատկապես պաշտպանական ոլորտում: Հնդկաստանը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր դարձել է Հայաստանի զենքի մատակարարման առաջատար երկրներից մեկը:
2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026 թվականի համագործակցության ծրագիր։
Հնդկական IADN գործակալությունը Հայաստանը նշել է որպես Հնդկաստանից սպառազինության ամենախոշոր գնորդ։ Գործակալության գնահատմամբ՝ 2024-2025 ֆինանսական տարում Երևանը Նյու Դելիից ձեռք է բերել մոտ 600 միլիոն դոլարի սպառազինություն։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը չորեքշաբթի օրը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև պանելային քննարկումների՝ համընդհանուր անվտանգության, խաղաղապահության և այլ հարցերի վերաբերյալ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:



