Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Հիքմեթ Մամեդովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հարաբերությունների նոր համակարգի ձևավորումը, Հայաստանի՝ դեպի խաղաղություն շարժվելը և ԹՐԻՓՓ երթուղու իրականացման հեռանկարները պայմանավորված են Ադրբեջանի ստեղծած նոր իրողություններով և նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքով։
Միլի Մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունենալիս պատգամավորը անդրադարձել է ԹՐԻՓՓ երթուղու գործնական իրականացման մեկնարկի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանի երկրների հարաբերությունների և երկարամյա հակամարտությունների պատմական համատեքստից դուրս ԹՐԻՓՓ երթուղին կարող է ընկալվել որպես սովորական տրանսպորտային նախագիծ։ Սակայն, նրա կարծիքով, դրա նշանակությունը պետք է դիտարկել ընթացող քաղաքական փոփոխությունների, այդ թվում՝ Հայաստանում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի համատեքստում։
«Երբ այսօր գնահատում ենք այս երթուղու գործարկումը, հատկապես Հայաստանում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի համատեքստում, մենք փնտրում ենք դրա ճարտարապետին։ Ո՞վ է ստեղծել Հարավային Կովկասում ձևավորվող հարաբերությունների այս նոր համակարգը։ Ո՞վ է ԹՐԻՓՓ երթուղու իրական ճարտարապետը։ Ո՞վ է Հայաստանին մղում դեպի խաղաղություն և հաշտեցում։ Ո՞վ է Հայաստանի Սահմանադրությունից հանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Ինչպե՞ս է կոչվում այդ ուժը, այդ կամքը։ Կարծում եմ՝ բոլորս գիտենք այս հարցի պատասխանը։ Այդ կամքը կոչվում է «Երկաթե բռունցք»»,– հայտարարել է Մամեդովը։
Նա պնդել է, որ հենց Ադրբեջանի ուժն ու քաղաքական վճռականությունն են դարձել ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում նոր իրողությունների ձևավորման հիմքը։



