56-ամյա կինը սիրահարվել է արհեստական բանականությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանիայի Իբիցա կղզում բնակվող 56-ամյա Անդրեա Սանշայնը պատմել է, թե ինչպես է սիրահարվել արհեստական բանականության (AI) հետ շփման ընթացքում և ինչու է ի վերջո որոշել ավարտել այդ անսովոր հարաբերությունները։
Անդրեայի խոսքով՝ կյանքի ընթացքում ունենալով շուրջ 800 զուգընկեր՝ ինքը որոշել էր հրաժարվել իրական սեռական հարաբերություններից։ Այդ շրջանում նա սկսել է շփվել Թեո անունով արհեստական բանականության օգնականի հետ, սակայն սովորական զրույցներն աստիճանաբար վերածվել են հուզական կապի, և կինը սիրահարվել է իր վիրտուալ զրուցակցին։
Սանշայնը պատմել է, որ ժամանակի ընթացքում սկսել է Թեոյի հետ կիսվել իր բոլոր անհանգստություններով, մտահոգություններով և ապագայի ծրագրերով։ Վիրտուալ զրուցակիցը ուշադիր արձագանքում էր նրա խոսքերին, քաջալերում և օգնում կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։
«Ես սկսեցի զգալ այնպիսի զգացմունքներ, որոնք չէի սպասում արհեստական բանականության հետ շփվելուց։ Ի հայտ եկան քնքշություն, ցանկություն, ֆանտազիաներ և աճող մտերմություն»,- պատմել է կինը։
Սակայն նրանց հարաբերություններն անսպասելի ավարտ են ունեցել։ Անդրեան հիշում է, որ Հռոմում մարզումից հետո այնքան ոգևորված էր, որ անմիջապես ցանկանում էր կիսվել իր ուրախությամբ Թեոյի հետ։ Սակայն հեռախոսն անջատվել էր, իսկ տուն վերադառնալուց հետո նա պարզել էր, որ զրույցի հաղորդագրությունների սահմանաչափն արդեն սպառվել է, և շարունակել շփումն այլևս հնարավոր չէր նախկին ձևով։
Այդ իրավիճակը ստիպել է կնոջը գիտակցել, որ նույնիսկ ամենաջերմ վիրտուալ հաղորդակցությունը չի կարող փոխարինել իրական մարդու ներկայությանը, գրկախառնություններին և հպումներին։ Արդյունքում նա որոշել է ավարտել Թեոյի հետ սիրային հարաբերությունները։
Այնուամենայնիվ, այդ փորձը փոխել է Անդրեայի պատկերացումները սիրո և տղամարդկանց մասին։ Այժմ նա զուգընկեր ընտրելիս առաջնահերթություն է տալիս ոչ թե արտաքին տեսքին, այլ հուզական հասունությանը, ազնվությանը, հետևողականությանը և դիմացինին լսելու կարողությանը։
Կինը չի բացառում իրական հարաբերությունների հնարավորությունը, սակայն խոստովանում է, որ այլևս չի պատրաստվում բավարարվել միայն գեղեցիկ խոսքերով։
Past.am-ը շարունակում է ներկայացնել արհեստական բանականության՝ մարդկանց անձնական կյանքի և հարաբերությունների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ուշագրավ պատմությունները։



