Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի դպրոցներից մեկում անչափահասների մասնակցությամբ արտառոց դեպք է արձանագրվել։ 11-ամյա աշակերտը, ըստ նախնական տեղեկությունների, սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նույն դասարանի իր հասակակցի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վերաբերյալ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 13։00-ի սահմաններում։ Գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը, ըստ հաղորդման, բռնի սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ, ապա ծաղրել նրան։
Դեպքի առթիվ ոստիկանության տարածքային բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության համապատասխան քննչական բաժիններից մեկը։
Քննչական մարմինները դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով։
Past.am-ը հետևում է անչափահասների մասնակցությամբ միջադեպի քննության ընթացքին։



