Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։
Տեղեկությունն իրացվեց նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվեց և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանեց մեղքը և ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։
Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։



