Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացվող «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում էներգետիկայի նախարարների չորրորդ համաժողովում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Շահբազովի խոսքով՝ Ադրբեջանի և Չինաստանի միջև հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր հնարավորություններ է ստեղծում էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման համար։
Նախարարը նշել է, որ Չինաստանի հետ արդեն մի շարք համաձայնագրեր են ստորագրվել ցամաքային արևային և ծովային հողմային էներգետիկայի, էներգիայի կուտակման համակարգերի և էլեկտրական ցանցերի ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։
Նա որպես համագործակցության արդյունքներ առանձնացրել է նաև չինական China Energy ընկերության հետ ռազմավարական գործընկերության հաստատումը, արևային էլեկտրակայանի շահագործման հանձնումը և էլեկտրական ցանցերի ուսումնասիրության իրականացումը։
Շահբազովի հայտարարությամբ՝ Չինաստանից Եվրոպա տրանսպորտային կապերի ամրապնդման գործում կարևոր դեր ունի Միջին միջանցքը, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ադրբեջանական կողմի պատկերացմամբ, կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև լրացուցիչ կապուղի։
Նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը նպատակ ունի կանաչ էներգետիկ միջանցքների միջոցով միավորել Եվրասիայի էլեկտրաէներգետիկ շուկաները։ Այդ ծրագրերում կարող են ներգրավվել Կենտրոնական Ասիան, Կասպից տարածաշրջանը, Հարավային Կովկասը, Թուրքիան և Եվրոպան։
Հատկանշական է, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կիրառվում է ադրբեջանական պաշտոնական հայտարարություններում։ Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը շեշտադրում է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանումը։
Past.am-ը շարունակում է հետևել տարածաշրջանային հաղորդակցությունների և էներգետիկ նախագծերի շուրջ զարգացումներին։



