Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա ամբողջությամբ բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուս-չինական փոխգործակցությունը միջազգային անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է և գլոբալ հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնը։
«Ռուսաստանն ու Չինաստանը համախոհների հետ միասին նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության և համագործակցության տարածքի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Հարավային Կովկասը»,- ասել է Կոպիրկինը։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Պեկինը «խթանում են» Եվրասիական տնտեսական միության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ պայմաններ ստեղծելով մայրցամաքի համատեղ տնտեսական զարգացման համար։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ աջակցում է ԱՏՏՀ-ում (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) Չինաստանի նախագահությանը և Պեկինի կողմից նախանշված ֆորումի աշխատանքի առաջնահերթություններին, որոնց թվում են բաց լինելը, նորարարությունները և փոխկապակցվածությունը։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի տնտեսությունները օրգանապես լրացնում են միմյանց, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 միլիարդ դոլարը։
Մոսկվան և Պեկինը ամրապնդում են տրանսպորտային կապերը, համատեղ յուրացնում են Հյուսիսային ծովային ուղին, իրականացնում են նախագծեր խաղաղ ատոմի ոլորտում, համագործակցում են տիեզերական ոլորտում և արբանյակային նավիգացիայի բնագավառում։ Ընդլայնվում է փոխգործակցությունը գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։



