Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տոնակատարությունը շարունակվել է հինգ օր երկրի ամենաաղքատ նահանգներից մեկը համարվող արևելյան Բիհար նահանգի գյուղերից մեկում։ Այն կազմակերպել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավոր Մոկամա Անանտա Սինգհը, որն ամուսնացրել է իր կրտսեր դստերը։ Ճոխ միջոցառումն անցկացվել է մի քանի հեկտար տարածքի վրա, որտեղ հյուրերին ընդունելու համար կառուցվել է վեց ուղղաթիռային հրապարակ, իսկ 150 ուտեստից բաղկացած տոնական հյուրասիրությունը 300 խոհանոցում պատրաստել է առնվազն 500 լավագույն խոհարար։
Փեսան հարսանիքին ժամանել է վինտաժային կաբրիոլետով, որին ուղեկցել է ավելի քան 150 լիմուզինից բաղկացած և 8-10 կմ ձգվող շարասյունը։ Առատ խնջույքը հաջորդել է տարբեր զվարճանքներին, որոնց ծրագրում ընդգրկված են եղել նաև ձիարշավներ՝ երկրի տարբեր ծայրերից բերված երկու տասնյակ նժույգների մասնակցությամբ։ Դրանց հաղթողի մրցանակը դարձել է ավտոմեքենան։
Հայտնի քաղաքական գործչի դստեր հարսանիքը մեծ իրարանցում է առաջացրել հազարավոր տեղացիների շրջանում, որոնք շտապել են տոնակատարությանը՝ անվճար սնունդ ստանալու նպատակով։ Հրմշտոցի առաջացման մտավախությունների պատճառով տոնակատարության կազմակերպիչները ներգրավել են հարյուրավոր թիկնապահների, որոնց մեծ դժվարությամբ է հաջողվել պահպանել կարգուկանոնի տեսանելիությունը։
Նորահարսի հայրը՝ Մոկամա Անանտա Սինգհը, գրավի դիմաց ազատ էր արձակվել բանտից, որտեղ պահվում է տարբեր քրեական հանցագործությունների մեղադրանքներով։ Հաջորդ շաբաթ նա պետք է վերադառնա բանտախուց՝ շարունակելու կրել պատժաչափը։



