Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
regnum.ru–ն «Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել՝ խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք չեն հավատում» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ իշխանությունները հրապարակել են նոր Սահմանադրության նախագիծը։ Դրա հիմնական տարբերությունը գործողից ոչ թե բովանդակային մասն է, այլ նախաբանը։ Հեռացվել է այն կետը, որտեղ նշվում է, որ «հայոց պետականության հիմնարար սկզբունքները և ազգային նպատակները ամրագրված են Հայաստանի Անկախության հռչակագրում», ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջները, ինչպես նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը հանվում են սկզբունքների և նպատակների ցանկից։ Այլ կերպ ասած՝ սրանք երկու կետեր են, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ դրանց իրականացումից հետո, վստահեցնում են նրանք, արագ կհաջորդի տնտեսական բարգավաճումը և Հայաստանի վերածումը միջազգային տարանցիկ հանգույցի՝ Փաշինյանի խոսքերով՝ «խաղաղության խաչմերուկի»։
Սահմանադրության ընդունման շուրջ բանավեճի կապակցությամբ վերջինս տվել է ևս մեկ մեծ խոստում։ Նա հայտարարել է, որ հրաժարական կտա Սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ հանրաքվեից հետո։ Ընդ որում՝ անմիջապես՝ եթե հանրաքվեն ձախողվի, իսկ եթե հաջողվի, ապա չի առաջադրվի վերընտրության։ Այս հետաքրքիր բանաձևն ունի պարզ բացատրություն. ՀՀ վարչապետը պետք է ցանկացած գնով անցկացնի այդ հանրաքվեն, ընդ որում՝ հաջողությամբ։ Եվ դրա համար պետք է վերացվի երկու խոչընդոտ։ Առաջինը ընդդիմությունն է։ ՀՀ օրենսդրության համաձայն, խորհրդարանի անդամների առնվազն երկու երրորդը պետք է քվեարկի նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի օգտին։ Այսինքն, պահանջվում է 70 ձայն, բայց իշխող ՔՊ–ն ունի ընդամենը 64–ը։ 41 մանդատը բաժանված է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների միջև, որոնցից ոչ մեկը մտադիր չէ քվեարկել հանրաքվեի օգտին։
Փաշինյանն ինքը ևս չի ցանկանում բանակցել նրանց հետ և մինչև վերջերս ջանասիրաբար օգտագործում էր միայն «մտրակը»։ «Կա՛մ մենք ստեղծում ենք հասարակական ճնշում, և ընդդիմությունը հրաժարվում է խոչընդոտ հանդիսանալ խաղաղությանը, կա՛մ մենք քաղաքական գործընթացներ ենք իրականացնում այնպես, որ ընդդիմության այդ մասը պարզապես այլևս ներկա չի լինում խորհրդարանում։ Մնացածը տեխնիկայի հարց է», - ասել է նա։
Այստեղ կա երկու տարբերակ։ Առաջինն ընդդիմությանը բանտարկելն է, ինչպես բանտարկված են դրա առաջնորդները։ Բայց դա երկար և բարդ է։ Երկրորդը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Բայց դա ավելի երկար կտևի։ Օրենքով խորհրդարանը կարող է լուծարվել միայն գործող խորհրդարանի ընտրությունից մեկ տարի անց։ Դա նշանակում է, որ Փաշինյանը չի կարողանա ընտրություններ անցկացնել մինչև 2027 թվականի հունիսը։ Իսկ նա շտապում է։ «Նա, հավանաբար, պարտավորություն ունի արտաքին խաղացողների՝ առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ընդունել նոր Սահմանադրություն», - regnum.ru–ին ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Ահա թե ինչու է Փաշինյանը, առաջարկելով իր հրաժարականով վճարել ընդդիմության ձայների համար, «բլիթ» առաջարկում։ Նմանատիպ «բլիթ» է առաջարկվում նաև երկրորդ խոչընդոտին՝ ընտրողներին։
Վարչապետի թիմը սահմանադրական փոփոխությունը ներկայացնում է որպես երկրի խաղաղության և բարգավաճման համար անհրաժեշտ քայլ։ «Փաշինյանը հանրաքվեի կմտնի այն դիրքորոշմամբ, որ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն երկրի համար ռազմավարական համարած նպատակների իրականացմանը, այսինքն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ-ի ուղղությամբ շարժմանը։ Սրանք այն նպատակներն են, որոնք նա փորձում է վաճառել որպես ռուս-հայկական հարաբերությունները քանդելու իր գործողությունների այլընտրանք», regnum.ru–ին ասել է IMEMO RAS-ի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը։
Վարչական ռեսուրսները ևս դեռևս օգտագործվում են։ «Ընդդիմությունը մասնատված է և մասամբ ձերբակալված։ Նրա ռեսուրսներն ու բողոքի ցույցեր կազմակերպելու կարողությունները սահմանափակ են», - շարունակել է Պրիտչինը։
Եվ այդ ռեսուրսի օգտագործման փորձն արդեն իսկ եղել է։ «Մենք գիտենք, թե ինչպես են անցկացվել Ազգային ժողովի վերջին ընտրությունները. որքան կեղծիքներ են եղել, որքան խախտումներ, ինչպես են ձերբակալել և արգելել հիմնական մրցակիցներին մուտք գործել երկիր կամ դուրս գալ երկրից», - հիշեցրել է ՌԴ Դաշնության խորհրդի կանոնակարգերի և խորհրդարանական գործունեության կազմակերպման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։
Ընդ որում, հանրաքվեի ձախողման վտանգը մեծ է։ Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ժողովրդականությունը ցածր է, բայց հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին պետք է կողմ քվեարկի, որպեսզի այն ընդունվի։ Հետևաբար, վարչապետը պետք է ապահովի իրեն ատող ընտրողների աջակցությունը, և նա նրանց հնարավորություն է տալիս «այո» ձայնը փոխանակել իր հրաժարականով։ «Այսպես նա ինչ-որ կերպ փորձում է մոտիվացնել ընդդիմադիր էլեկտորատին՝ բարձրացնելու այն հարցը, թե ինչու չգնալ հանրաքվեի, որպեսզի Փաշինյանը հեռանա», - պարզաբանել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ ոչ ոք նրան չի վստահում։ Ի վերջո, վարչապետը խաբում է հանրությանը՝ սկսած 2018 թվականից, երբ իշխանության եկավ։ «Գրեթե ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկատարի իր խոստումը։ Նա բազմիցս է ապացուցել իր կարողությունը՝ հանգիստ կերպով հրաժարվելու իր բոլոր խոստումներից և հավաստիացումներից թե՛ որպես ընդդիմադիր գործիչ, թե՛ որպես վարչապետ», - բացատրել է Խալաթյանը։
Եվ մարդիկ, ըստ երևույթին, հոգնել են խաբվելուց։ Միակ հարցն այն է, թե ի՞նչ կփորձի անել Փաշինյանը հաջորդիվ։ Կդիմի՞ նա իր սովորական «մտրակին», թե՞ կփորձի առաջարկել նոր «բլիթներ», ընդ որում՝ շատ ավելի էական և շոշափելի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



